«Who You Love», ամերիկացի ռոք երաժիշտ և երգերի հեղինակ Ջոն Մեյերի ու երգչուհի Քեթի Փերրիի երգը Մեյերի՝ Paradise Valley (2013) վեցերորդ ստուդիական ալբոմից։ Երգը գրվել է հենց կատարողների կողմից, իսկ պրոդյուսերները եղել են Ջոն Մեյերն ու Դոն Վոզը Was (Not Was) խմբից։
Երգը գրվել է 2012 թվականին, երբ նոր էր սկիզբ առել Ջոն Մեյերի ու Քեթի Փերրիի ընկերությունը։ Նրանք միասին ներկայացրին երգը Բրուքլինի (Նյու Յորք) Barclays Center կենտրոնում 2013 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Մեյերի Paradise Valley համերգային շրջագայության վերջին օրը[3]։
Դեկտեմբերի 21-ին «Who You Love» սինգլն ընդգրկվեց ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում՝ զբաղեցնելով 80-րդ հորիզոնականը[4]։ 2014 թվականի հունվարի 4-ին՝ տեսահոլովակի նկարահանումից հետո, սինգլը կրկին հայտնվեց հիթ-շքերթում՝ և բարձրացավ 48-րդ հորիզոնական[5]։
«Who You Love» երգին երաժշտական քննադատներն ու ինտերնետ-հրատարակությունները տվել են դրական ու միջին գնահատականներ։ Billboard ամսագրից Էնդրյու Համպը երգը համարել է Մեյերի Paradise Valley ալբոմի կենտրոնական հատված[6] Էնթոնի Դեկուրտիսը Rolling Stone ամսագրից «Who You Love» երգն անվանել է «սիրային զուգերգ»[7]։ Los Angeles Times թերթի լրագրող Ռենդալ Ռոբերթսը երգում նկատել է հին դասական սոուլ[8][9]։
Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Good Morning America հաղորդման ժամանակ։ Ռեժիսորն է բրիտանացի Սոֆի Մյուլլերը[10][11]։